ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Իմ գլխավոր առարկությունը ներկայացված օրինագծին՝ հարստացումը պարտադիր չպետք է լինի, իսկ հարստացման դեպքում` ոչ ցորենի ալյուրի միջոցով»

«Իմ գլխավոր առարկությունը ներկայացված օրինագծին՝ հարստացումը պարտադիր չպետք է լինի, իսկ հարստացման դեպքում` ոչ ցորենի ալյուրի միջոցով»
19.06.2015 | 00:35

«Իրատեսի» հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ:

-ԱԺ հայտարարությունների ժամին Դուք խոսեցիք ցորենի ալյուրը ֆոլիաթթվով և երկաթով հարստացնելու նախագծի վտանգների մասին. ի՞նչն է Ձեզ մտահոգել:
-Այսօր աշխարհում 83 երկրում գործում է ֆոլիաթթվով, երկաթով և օրգանիզմին անհրաժեշտ այլ նյութերով ալյուրի հարստացման ծրագիրը, բայց այդ երկրները բացառապես Լատինական Ամերիկայում են, Աֆրիկայում, հավելեք որոշ արաբական երկրներ, այսինքն՝ պատճառը աշխարհագրական տարածքի առանձնահատկություններն են, թերևս բացառություն են Կանադան ու ԱՄՆ-ը: Մեծ Բրիտանիայում ալյուրը հարստացվում է միայն երկաթով: Եվրոպայում միայն Կոսովոն և Մոլդովան են ալյուրը հարստացնում: Այս թվարկումը մտածելու տեղիք է տալիս, թե ինչո՞ւ առավել զարգացած պետությունները նման որոշում չեն կայացնում, նրանք չե՞ն մտածում բնակչության առողջության մասին:
-Ի՞նչ հիմքով է որոշում կայացվում:
-Ժողովրդագրական-առողջապահական հետազոտությունների տվյալների հիման վրա, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ունի չափորոշիչներ, թե որ դեպքերում է խորհուրդ տրվում ալյուրը հարստացնել: Եթե ընդհանուր ազգաբնակչության մինչև 5 %-ն ունի երկաթի դեֆիցիտով պայմանավորված անեմիաներ, դա դեռ առողջապահական խնդիր չի դիտվում: 5-20 %-ը դիտվում է թեթև խնդիր, 20-40 %-ը՝ միջին խնդիր, 40 %-ից բարձրի դեպքում է միայն համարվում լուրջ խնդիր, և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս ալյուրը պարտադիր հարստացնել:
-Հայաստանում նման հետազոտություններ կատարվե՞լ են:
-Այո, 2000-ին և 2005-ին կատարվել են ուսումնասիրություններ: 2000-ի տվյալներով` միջինը մինչև 5 տարեկան երեխաների և 15-49 տարեկան վերարտադրողական շրջանում գտնվող կանանց շրջանում գրանցվել է մոտ 25 % երկաթի դեֆիցիտ: 2005-ի տվյալներով՝ միջին ցուցանիշը դարձել է 37 %, հետազոտողներն արձանագրել են, որ իրենց հետազոտությունները հավաստի չէին կարող լինել, որովհետև այդ 37 %-ն ստացել են Գեղարքունիքի մարզում ու Երևանում, միանգամից կրկնակի շեղման դեպքում:
-Այսինքն՝ մենք մեկ տասնամյակի վաղեմության տվյալներո՞վ ենք այսօր ուզում օրենք ընդունել:
-Նախագիծը սկսել է քննարկվել 2007-ից, 2011-ին և 2013-ին կառավարության որոշումներով դարձել է գերակա խնդիր: Այս տարի, երբ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը շրջանառության մեջ դրվեց, տվյալներն արդեն հնացած էին, հենց այդ պատճառով և ԱԺ ղեկավարությունը, և առողջապահության ու մայրության հարցերով հանձնաժողովը նպատակահարմար գտան օրինագիծը մեկ տարով հետաձգել՝ լրացուցիչ հետազոտություններ կատարելու համար:
-Հասարակական քննարկումներում նախագծին վերագրվում են ոչ միայն առողջապահական նպատակներ, կա՞ նման մտավախություն:
-Ես հեռու եմ այն մտքից, որ սա հակաազգային ծրագիր է: Իհարկե, որոշակի առողջապահական խնդիրներ բնակչությունն ունի և պետք է պարզել՝ ալյուրը պարտադի՞ր պետք է հարստացվի, թե՞ ոչ: Իմ գլխավոր առարկությունը ներկայացված օրինագծին՝ հարստացումը պարտադիր չպետք է լինի, իսկ հարստացման դեպքում` ոչ ցորենի ալյուրի միջոցով:
-Եթե ուսումնասիրությունը պարզի, որ բնակչության որոշակի խումբ ունի ֆոլիաթթվի պակաս, բայց ոչ չափորոշիչների նշած թվերով, ի՞նչ պիտի արվի:
-Ֆոլիաթթվի դեֆիցիտի չափման տեխնոլոգիա չկա, դեֆիցիտը ի հայտ է գալիս, երբ ուսումնասիրվում է, թե նյարդային խողովակի արատով քանի ծնունդ կա: 2005-ի տվյալներով՝ յուրաքանչյուր հազար երեխաներից երկուսն այդ արատն ունեն, դա արդեն վկայում է, որ խնդիր կա:
-Եթե ուսումնասիրությունը վերաբերում է միայն հղի կանանց ու նորածիններին, ինչո՞ւ է առաջարկվում հարստացնել ցորենի ալյուրը, այսինքն՝ հացը, որը սպառման առաջին ապրանքների մեջ է ու պարտադրվում է ամբողջ հասարակությանը:
-Եթե նախագիծը կարգավորեր միայն թիրախային խմբերի հարցը, կարելի էր դեղահաբերի միջոցով նպատակային լուծման հասնել: Ֆոլիաթթու պարունակող հաբեր ու սննդամթերք հղի կանանց նշանակվում են սաղմի ձևավորման առաջին երեք ամիսներին, երբ նյարդային խողովակն է կազմավորվում: Եվ ֆոլիաթթուն, և երկաթը օրգանիզմի համար շատ կարևոր են, բայց օրգանիզմում այդ տարրերի պարունակության ավելցուկները շատ վտանգավոր են: Գիտական հանրության կարծիքը, աշխարհի կարևորագույն հետազոտական կենտրոններում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով, բաժանվում է երկու մասի: Կան հետազոտություններ, որոնք վկայում են, որ երկաթն ու ֆոլիաթթուն վնասակար չեն, բայց 100 %-ով ռիսկերը չեն բացառվում, և կան հստակ հետազոտություններ՝ 58 հոդված եմ կարդացել, որոնք երկաթի ու ֆոլիաթթվի ավելցուկի բացասական հետևանքներն են ներկայացնում:
-Նկատի ունեք, որ քացկեղածի՞ն են:
-Ոչ անմիջականորեն, բայց նպաստում են: 2007-ին ու 2008-ին Մեծ Բրիտանիայում, Նորվեգիայում, Կանադայում իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդու մարմնում ֆոլիաթթվի բիոտրանսֆորմացիայի նախնական վայրը ոչ թե բարակ աղիներն են (ինչպես ընդունված էր համարել նախկինում), այլ լյարդը, որ շատ սահմանափակ հնարավորություն ունի ֆոլիաթթուն օրգանիզմի համար օգտակար ֆոլիատի փոխակերպման գործում: Ֆոլիատի ամենօրյա ընդունման անվտանգ չափաքանակ է համարվում 300 մկգ բնական սննդից և մինչև 200 մկգ հավելումներից, ավելի մեծ դոզաների դեպքում չմետաբոլացված ֆոլիաթթուն հայտնվում է արյան շրջանառության համակարգում (արյան պլազմայում) և կարող է մեծ վնաս հասցնել: Հետազոտությունները ցույց են տվել, որ ֆոլիաթթվի բարձր խտությունը հանգեցնում է քիլլեր-բջիջների նվազմանը, տարեցների մոտ ճանաչողական անբավարարության, հղիների մոտ ինսուլին ռեզիստենտության, երեխաների ճարպակալման ռիսկի աճի և այլն: Ֆոլիատը երկակի ազդեցություն ունի քաղցկեղի վրա, կանխում է քաղցկեղի առաջացումը, սակայն նպաստում է պրենեոպլաստիկ բջիջների և սուբկլինիկական քաղցկեղների զարգացմանն ու աճին: Երկաթը բնական ճանապարհով մարդու օրգանիզմից դուրս չի գալիս և ավելորդ երկաթը կարող է կուտակվել բջջի միտոքոնդրիումների, հյուսվածքների և օրգանների մեջ` խաթարելով նրանց բնականոն ֆունկցիան, կարող է հանգեցնել լյարդի ցիրոզի, պոլիարտրոպատիայի, մակերիկամային և սրտային անբավարարության, շաքարախտի և ընդհանրապես էնդոկրին համակարգի օրգանների խաթարման:
-Հայաստանի կառավարությունը վիճահարույց օրինագիծն ընդունելու միջազգային որևէ պարտավորվածություն ունի՞:
-Չեմ կարծում, նախաձեռնողը ՅՈՒՆԻՍԵՖ-ն է, որ ալյուրի հարստացման համապատասխան դոզատորներ է տրամադրել Հայաստանին, որոնք տեղադրվել են խոշոր 7 ալրաղացներում, որտեղ օրական 30 տոննայից ավելի ալյուր է ստացվում՝ բավարարելով Հայաստանի պահանջարկի 80-85 %-ը:
-Ինչո՞ւ են դոզատորները տեղակայվել նախքան օրենքի ընդունումը:
-Եթե նոր հետազոտություններով պարզվի, որ ֆոլիաթթվի ու երկաթի պակասը քառասուն տոկոսից ավելի է, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս հարստացնել ալյուրը: Ղազախստանում այդ ցուցանիշը գրանցվել է, և այնտեղ անցել են պարտադիր հարստացման: Մեզ մոտ համընդհանուր հարստացման բավարար հիմքեր դեռ չկան:
-Այս պայմաններում վստահ կարո՞ղ ենք լինել, որ ուսումնասիրության արդյունքներով չենք ստանա «պահանջված» պատասխան, այլ կունենանք իրավիճակի ռեալ պատկեր:
-Չեմ ուզում ուսումնասիրության տվյալների արժանահավատությունը կասկածի տակ դնել: Համենայն դեպս՝ նախորդ ուսումնասիրությունները ներկայացրել են օբյեկտիվ պատկեր, և հետազոտողներն իրենք կասկածի տակ են առել իրենց ստացած տվյալները, երբ Գեղարքունիքում ու Երևանում ստացված ցուցանիշները էապես տարբերվել են մյուս մարզերի ցուցանիշներից:
-Խնդիրը մասնագիտական կարողությունները չեն, այլ քաղաքական որոշում ընդունելու վտանգը:
-Ես չեմ կարծում, որ կա նման վտանգ: Ինչի՞ համար:
-Եթե կա պարտավորություն և ֆինանսական ներդրո՞ւմ է լինելու:
-ՅՈՒՆԻՍԵՖ-ը դոզատորները հատկացրել է անվճար: Նկատի ունեք, որ ինչ-որ մեկը փորձի բիզնես անել այս հարցո՞ւմ և մեծ շահույթնե՞ր ստանա: Դա չկա: Կա Առողջապահության համաշխարհային կազմակերպության օգնելու պատրաստակամությունը և մեր պատրաստակամությունը՝ այդ ծրագիրը ներդնելու: Բայց երբ չկան նոր ուսումնասիրություններ և չկան բավարար տվյալներ, թե ինչ ազդեցություն է ունենում հարստացված ալյուրի օգտագործումը, մենք դեռ պիտի ձեռնպահ մնանք:
-Դուք առաջարկում եք ուսումնասիրել և ըստ տվյալների՝ եթե կան որոշակի թիրախային խմբեր, նրանց տրամադրել դեղահաբե՞ր:
-Այո, բացի այդ՝ ցորենի թեփի մեջ եղած կարևոր տարրերը կորչում են մանր աղացում, այսինքն՝ բարձրակարգ ալյուրի մեջ, ինչո՞ւ հացը չթխել երկրորդ կարգի ալյուրով, որն ավելի օգտակար է և մնացորդային ավելցուկ չի առաջացնի օրգանիզմի մեջ:
-Առողջապահության նախարարությունն ի՞նչ վերաբերմունք ունի հարցին:
-Նախարարությունն ընդունել է, որ աշնանը լրացուցիչ հետազոտություններ պետք է կատարվեն, և դա շատ կարևոր քայլ է: Հետազոտության արդյունքում նախարարությունը կարող է մասնագիտական եզրակացություն ներկայացնել՝ շարունակե՞լ օրենքի նախագծի ներկայացված տեսքով քննարկումը, թե որոշակի բովանդակային փոփոխություններ կատարել:
-Ինչպե՞ս պետք է այդ հետազոտությունը կատարվի, ի՞նչ մեթոդոլոգիայով, ինչպե՞ս պիտի ստանանք ամբողջ բնակչությանը վերաբերող պատկեր: Ի վերջո, եթե խնդիրը վերաբերում է միայն վերարտադրողական տարիքի կանանց, ամբողջ հասարակությանը ինչո՞ւ վտանգել՝ սպառման մեջ դնելով մի հաց, որի օգտագործման հետևանքները ժամանակի մեջ են ի հայտ գալու:
-Այս մակարդակով ու այս ծավալով հանրային քննարկումները, ԱԺ-ում նախագծի մեկ տարով հետաձգումը պարտադրում են համակողմանի ուսումնասիրություններ կատարել հասարակության բոլոր շերտերի համար: Պետք է հետազոտվեն վերարտադրողական տարիքի կանայք, տղամարդիկ, երիտասարդներ, տարեցներ, հիվանդներ:
-Ինչո՞ւ է ընտրվել հենց ալյուրը՝ հացը:
-Սպառման մեծ ծավալի բերումով, էժան մեթոդ է, հաց ուտում են բոլորը, եթե իրոք բնակչության քառասուն տոկոսից ավելին ունի երկաթի պակաս, ավելի մատչելի է այս մեթոդը, որևէ այլ սննդատեսակ այդքան չի օգտագործվում:
-Իսկ եթե հավելումը վնասակար է, ամբողջ բնակչությանը վտանգում ենք:
-Դա է հիմնական մտահոգությունը՝ լավն անելու ցանկությամբ վատը չանենք: Վստահ եմ, որ արդեն իրավիճակ է փոխվել և միայն հետազոտությունների արդյունքներով կանենք եզրահանգումներ: Եթե արդյունքները տագնապահարույց չեն լինի, թիրախային հարստացում կկատարվի միայն՝ երկու կարծիք լինել չի կարող: Օրինակ՝ Չիլիում կատարված հետազոտություններով (Չիլին պարտադիր հարստացման օրենքն ընդունել է 2000-ին)՝ երբ համեմատվել են 1992-1996 թթ. և 2001-2004 թթ. արդյունքները, պարզվել է, որ հարստացման արդյունքում հաստ աղիքի քաղցկեղի դեպքերը 45-64 տարիքային խմբում ավելացել են 2,6 անգամ, 65-79 տարիքային խմբում` 2,9 անգամ, իսկ կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը` մոտ 2 անգամ: Այսինքն՝ ներդրման դեպքում կրկնակի պակասում է նյարդային խողովակի արատով երեխաների թիվը, բայց ավելանում է այլ հիվանդությունների թիվը՝ բնակչության տարբեր խմբերում: Իհարկե, հարց է՝ քաղցկեղով հիվանդացության մեծացման պատճառը ֆոլիաթթվով ու երկաթով հարստացո՞ւմն է, թե՞ կան այլ ազդակներ, բայց քանի դեռ համակողմանի ուսումնասիրություններ չկան, նույնքան իրավազոր է հանդիպակաց հարցը՝ ո՞վ կարող է բացառել այդ ազդակը: Դանիան, օրինակ, 1987-ին հրաժարվել է ալյուրը երկաթով հարստացնելուց՝ բացասական ազդեցությունը գնահատելուց հետո: Կրկնում եմ՝ հարցը իսկապես չափազանց կարևոր է, վերաբերում է ամբողջ բնակչությանը, ուստի պետք է կատարվեն համակողմանի հետազոտություններ: Ֆոլիաթթվով ու երկաթով հարստացումը անհրաժեշտության դեպքում պետք է կատարվի միայն կոնկրետ ռիսկային խմբի համար: Համաշխարհային փորձը վկայում է, որ հասարակությանը ռիսկային նախագծեր առաջարկելուց առաջ երկրները կատարում են բազմաթիվ հետազոտություններ և վերլուծություններ` ունենալու ճշգրիտ ելակետային տվյալներ, որպեսզի հարստացման ներդրման դեպքում տարիներ հետո համեմատության բազա լինի: Մեզ մոտ այդ հետազոտությունները կատարված չեն, բացառությամբ մանկահասակ երեխաների և վերարտադրողական տարիքի կանանց թիրախային խմբերի, իսկ այդ արդյունքները հնացած են և բավարար չեն եզրահանգումների համար:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ